Հղումներ Վրացական ոտնձգություններ Ադրբեջանական ոտնձգություններ Ծառայություն Եկեղեցուն Հայկական հուշարձաններ Մենու 6 Հավորժության ճամփորդը Պարգևներ
ՀՀԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՅՔ
 


ՋԱՀԱԿԻՐԸ

Հայագիտությունն ու հայ ժողովուրդը մեծ
կորուստ ունեցավ, կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս, վաստակաշատ մանկավարժ,
նշանավոր գիտնական եւ ականավոր
հասարակական գործիչ Վ. Մ. Հարությունյանը

Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի մասին խոսք ասելը եւ հեշտ է, եւ դժվար: Արդարեւ, նրա կյանքի ուղին թափանցիկ է եւ հետաքրքրություններով բազմազան: Մանկան հետ մանուկ, երիտասարդների հետ` սրտով ջահել, իմաստունի հետ` գիտնական, երաժշտի հետ` հիանալի երգիչ, որպես ավանդապաշտ հայ` հյուրասեր ու կենսախինդ:
Նրա վաստակը տարիներով չէ, որ պետք է չափել, այլ իր թողած ժառանգությամբª գործերով, որոնցով մենք դեռեւս շատ ու շատ առիթներ կունենանք հպարտանալու, ուստի կուզենայի մեկ անգամ եւս գլուխ խոնարհել նրա հիշատակի առջեւ, մեկ անգամ եւս հայացք գցել նրա ՙԿյանքի քառուղիներին՚, վերհիշել ՙԱնմոռաց հանդիպումները՚, դեգերել ՙԱշխարհի ճամփաներով՚ ու զմայլվել ՙԳեղեցիկի զարմանահրաշ քառուղիներում՚ եղած հայկական եւ համաշխարհային կոթողներով:
Վարազդատ Հարությունյանը հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող ականավոր եւ եզակի երախտավորներից է: Նրա ողջ կյանքի ուղին բազմաբեղուն ու հագեցած է եղել. այն հիշեցնում է բազմաթիվ արահետների միացումից առաջացած պողոտան եւ երփներանգ ծաղիկներից կազմված փունջը£ Այդ է թերեւս պատճառը, որ պարզապես հնարավոր չէ առանց խորաթափանցության անդրադառնալ նրա կյանքի էջերին£
Ծնվել է 1909 թ. Վանի հանրահայտ ՙԱյգեստաններում՚£ Կրել է Մեծ եղեռնի արհավիրքների դառնությունը, անցել գաղթի ճամփաներով, 1915թ. հանգրվանել Թիֆլիսում: Զրկանքներով լի մանկություն ու պատանեկություն էր բաժին ընկել ապագա գիտնականին, որոնք կարողացավ հաղթահարել աննկուն կամքի եւ իր բնավորությանը հատուկ անսահման լավատեսության շնորհիվ£ Աշխատասիրությամբ առլեցուն եւ հմտությամբ ու խորաթափանցությամբ հասունացած` այդպես արգասաբեր հունձքից կքած ՙԿենաց ծառ՚-ն է, որ իր կյանքի վաստակով ՙճյուղավորվում՚ է դեպի մանկավարժություն, մասնագիտական ու հասարակական բազմաբնույթ գործունեություն, բեղմնավոր գիտական որոնումներ, հայրենի քարակերտ կոթողների վերականգնում£
1927թ. ավարտելով Թիֆլիսի 6-րդ աշխատանքային հայկական միջնակարգ դպրոցը, նա Լոռու դպրոցներում ուսուցչությամբ է զբաղվում, իսկ 1931-ին ընդունվում եւ 1937թ. գերազանցությամբ ավարտում է այն ժամանակների Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը, որի համանուն ամբիոնում էլ անցնում է աշխատանքի£ 1945 թ. նշանակվելով ամբիոնի վարիչ, Վարազդատ Հարությունյանը անընդմեջ, մինչ եւ 1990 թ. պաշտոնավարել է եւ ստեղծել ազգային ավանդույթներով հարուստ ճարտարապետության ամբիոն, որի առանձնահատկություններից մեկը ուրույն ստեղծագործական կարողությունների բացահայտումն ու դրանց հաջորդաբար արտացոլումն է ազգային նոր ճարտարապետության մեջ: Բովանդակալից են ճարտարապետ-մանկավարժի մասնագիտական դասընթացները, որոնք ամփոփված են նրա դասագրքերումª ՙՀին աշխարհի ճարտարապետություն՚, ՙՀայկական ճարտարապետության պատմություն՚, ՙՃարտարապետական հուշարձանների վերականգնում՚ եւ այլն£ Դրանք տասնամյակներ շարունակ օժանդակել են ճարտարապետների մի քանի սերունդների հայաշունչ դաստիարակության գործին: Նրա ղեկավարությամբ հայկական ճարտարապետության բարձրագույն կուրսերն անցած Հայաստանի եւ արտերկրի շուրջ երեք տասնյակ երիտասարդներ թեկնածուական ու դոկտորական աստիճաններ են ստացել, կայացել մասնագիտության մեջ: Այդ է պատճառը, որ նրան հավասարապես սիրում ու հարգում են հայրենիքի եւ սփյուռքի ճարտարապետների բազմաթիվ սերունդներ: Նա բոլորի համար ուսուցիչ էր, ընկեր եւ մտերիմ բարեկամ, ում երբեք չեն մոռանում եւ այցելած լինելով բազմաթիվ առիթներով, լսել են խորհուրդները, զրուցել կյանքի ու մասնագիտական խնդիրների մասին: Վ.Հարությունյանի աշխատասենյակի գրադարակներում կուտակված բազմահարյուր նամակները կարող են հայ ճարտարապետների գործունեության հանրագիտարան համարվել` դրանք ոչ միայն բովանդակում են ուսանողների եւ շրջանավարտների կապերը, այլ եւ հայ եւ օտար անվանի գիտնակների փոխհաղորդակցությունները հայ մեծանուն գիտնականի հետ: Փաստորեն, ամեն մի հոդված, ամեն մի երկտող, որ վերաբերում է հայկական ճարտարապետությանը, այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի, ուստի խնամքով պահպանվում է: Հնարավոր չէ հիացմունքը թաքցնել այդ բազմակողմանի հարաբերությունների հանդեպ եւ, առավել եւս, դրանց արխիվավորման ու գիտության ոլորտում ստեղծագործականորեն օգտագործման մասին:
Վ.Հարությունյանը թողեց գիտական մեծ ժառանգություն, որն իր բովադակությամբ բազմազան է: Գիտական մկրտությունը նա ստացել է 1939 թվականին, երբ որպես Պատմության եւ հնագիտության ինստիտուտի ասպիրանտ, մասնակցեց Դվինի հնագիտական պեղումներին: Դա հիմք հանդիսացավ, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո` 1946թ., ՙԴվինի 5-7-րդ դարերի պատմաճարտարապետական հուշարձանները՚ թեմայով Ստ. Պետերբուրգում պաշտպանած ատենախոսության համար նա ստանա ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան (այդ ասպարեզում` առաջինը Հայաստանում) եւ դոցենտի կոչում: 1964թ. նույն քաղաքում պաշտպանելով ՙՀին եւ միջնադարյան Հայաստանի քաղաքաշինական մշակույթը՚ թեմայով ատենախոսությունը, արժանանում է գիտությունների դոկտորի աստիճանի եւ պրոֆեսորի կոչման: 1996 թվականը նրա կյանքում նշանավորվեց Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոսի կոչմանն արժանանալով:
Գիտնականի գրադարանը լի է տպագրված եւ չտպագրված բազմաթիվ ուսումնասիրություններով: Անկախության տարիներին նա իր գործունեության ամենաակտիվ շրջաններից մեկը բոլորեց` աշխատությունների ցանկը հարստացավ եւս երկու տասնյակ նոր գրքերով: Վ.Հարությունյանի գիտական վաստակը ընդհանուր առմամբ ընդգրկում է ավելի քան քառասուն անուն հրատարակված գրքեր, շուրջ չորս հարյուր գիտական հոդվածներ եւ նույնքան հրապարակախոսական նյութեր, բազմահարյուր գիտական զեկույցներ: Դրանցում ուշագրավը հանրամատչելի եւ ընկալելի կերպով մատուցվող ճարտարապետության անգամ բարդագույն հասկացություններն են: Վ©Հարությունյանի պատմական աշխատություններին բնորոշ է տեսական հագեցվածությունը: Նա ճարտարապետության զարգացումը մեթոդականորեն ներկայացնում է սոցիալ-պատմական փոփոխությունների խորքով: Այդ սկզբունքով է ներկայացված հայկական ճարտարապետության ժառանգորդական զարգացման նրա տեսությունը: Այդ թվումª ՙՀայկական ճարտարապետության ձեւերի ժառանգորդական զարգացման օրինաչափությունները՚, ՙՎաղ միջնադարյան Հայաստանի պալատական կառույցների համաչափական առանձնահատկությունները՚ եւ ՙԶարգացած միջնադարի աշխարհիկ ճարտարապետության ժողովրդական աղերսներն ու նրանց կոնստրուկտիվ հնարքների ձեւաստեղծման ակունքները՚ եւ այլն: Այս բոլորը հստակորեն մեկնաբանված են նրա կոթողային աշխատությունումª ՙՀայկական ճարտարապետության պատմության՚ էջերում, ինչպես նաեւ 2004թ© հրատարակված եւ ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին արժանացած ՙՀայկական քաղաքաշինության եւ ճարտարապետության տեսության ու պատմության հիմնահարցեր՚ գիտական հոդվածների ժողովածուում:
Վարազդատ Հարությունյանի գիտական ժառանգությունը կարելի է պարբերացնել երկու զատորոշվող ժամանակաշրջաններիª խորհրդային եւ անկախության տարիների: Դրանցում հեղինակի արտահայտած գիտական հետաքրքրությունները կարելի է խմբավորել երեք հիմնական թեմաների շուրջª հայկական ճարտարապետության պատմատեսական հարցերի, հուշարձանների պահպանության ու վերականգման եւ անկախության տարիներին բեղուն կերպով արտահայտված ՙմեմուարների՚ ժանրի: Վերջինիս է պատկանում կենսագրությունների ստեղծագործական մատուցման բնագավառը, որն ամփոփված է ՙԱրվեստակից ժամանակակիցներս՚ աշխատությունում եւ որի հիրավի վարպետներից մեկն է ինքը` գիտնականը: Փաստորեն, Վ©Հարությունյանի պատմատեսական ուսումնասիրությունները, շարունակելով Թ. Թորամանյանի հայկական ճարտարապետության ձեւաստեղծման ու ժառանգորդական զարգացման դրույթները, ստեղծագործաբար եւ կառուցողականորեն ճարտարապետական գիտության մեջ ներմուծեցին իր եւ տարբեր գիտնականների ռացիոնալ տեսակետները: Նա հայոց ներկա եւ գալիք սերունդների համար ժառանգեց մի ամբողջ ստեղծագործական աշխարհ, հայեցի դաստիարակության մի մեծ կաճառ: Ինչ վերաբերում է Վ.Հարությունյանի հայկական պատմական հուշարձանների պահպանմանը նվիրված աշխատություններին, ապա դրանք բնագավառի պատմական, տեսական եւ նախագծային հանրագումարն են եւ կարեւոր ներդրում ինչպես հայկական իրականությունում, այնպես էլ միջազգային գանձարանում` որպես հայկականի ներկայության վկայություն: Անդրադառնալով գիտնականի մեմուարների ժանրի աշխատություններին, պետք է նշել, որ դրանք, լինելով ճարտարապետության տեսության եւ պատմության տարածված ուղղություններից մեկը, հանձինս Վարազդատ Հարությունյանի հայկական իրականություն են մտնում առաջին անգամ: Վարազդատ Հարությունյանի անկախության տարիների աշխատությունները նոր երանգ եւ շուք են ավելացնում գիտնականի ժառանգությանը, հարստացնելով խորհրդային տարիների նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակները:
Պրոֆեսոր Վ.Հարությունյանի մանկավարժական ու գիտահետազոտական կյանքի անքակտելի մասն է կազմում նրա հասարակական, պետական եւ հրապարակախոսական գործունեությունը: Արդար եւ, նա հայկական իրականության ականավոր հասարակական գործիչներից մեկն է: Սկսած երիտասարդ տարիներից նա վարել է զանազան պաշտոններ, աշխատելով որպես Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի դեկան (1938-39 թթ.), նույն ինստիտուտի ուսումնական մասի վարիչ (1942-45թթ.), կառավարությանն առընթեր ճարտարապետական վարչության պետի տեղակալ (1945-48թթ.), Հնությունների պահպանության կոմիտեի նախագահ (1945-51թթ.), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի պատմության սեկտորի վարիչ (1951-53թթ.): Առավել ծանրակշիռ է Հարությունյանի գործունեությունը Հայաստանի ճարտարապետների միությունում. 1949-62 թթ.` նախագահի տեղակալ, 1962-74 թթ`. նախագահ£ Ուշագրավ է նրա ակտիվ գործունեությունը Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում (1964 թ.-ից)` որպես վարչության անդամ, ՙԳիտելիք՚, ինչպես նաեւ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերություններում (1951թ.-ից) եւ այլն£ Նա ՙՎասպուրական՚ հայրենակցական միության հիմնադիրներից է£ 1981-90 թթ. եղել է միության նախագահը, 1990-ից` պատվավոր նախագահ: Այս եւ համանման գործունեությունը սփյուռքի գաղթօջախներում ունեցել է նա եւ հայապահպանման նշանակություն. դրա վերաբերյալ հավաքված փաստագրությունները Վ.Հարությունյանի ՙԱշխարհի ճամփաներով՚ եռահատոր ուղղեգրությունների հիմքը դարձան:
Հայրենանպաստ եւ բեղմնավոր է ակադեմիկոս Վ.Հարությունյանի գործունեությունը հայրենական պատմաճարտարապետական կոթողների վերստին կյանքի կոչման ու նորերի հիմնադրման ուղղությամբ: Նա հասարակական կարգով 1964թ.-ից, սկզբում նախագահի տեղակալի եւ ապա նախագահի պաշտոններով ղեկավարում էր հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը: Նրա նվիրված գործունեության արդյունքը հիրավի արգասաբեր էր: Պատմաճարտարապետական հուշարձանների պրոպագանդման նպատակով շուրջ 70 գիտահանրամատչելի բրոշյուրների եւ բուկլետների հրատարակության կողքին, նրա նախաձեռնությամբ վերականգնվել են չորս տասնյակ եկեղեցիներ ու վանքային համալիրներ, հրատարկվել են շուրջ 2 տասնյակ փաստագրական աշխատություններ, որոք այսօր ամփոփված են հեղինակի ՙՎասն Հարատեւման՚ եւ ՙԱզգանվեր ջանքերի հանրագումարը՚ հոդվածների ժողովածուներում եւ այլն:
Ծառայելը ՙՀայաստանյայց եկեղեցու գահակալներին՚ Վ. Հարությունյանի նվիրական ասպարեզներից էր: Նա գործով եւ գրչով մասնակից է եղել Գեւորգ Չորեքչյան, Վազգեն Ա, Գարեգին Ա եւ Գարեգին Բ կաթողիկոսների շինարարական ծրագրերի իրականացմանը: 1956 թ. ընդգրկվել է Ս.Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբում եւ 1972-ից նախագահել է այն: ՙՔարը քարին դնելով՚, ինչպես ինքն էր որակում, տասնամյակներ շարունակ մասնակից է եղել Հայաստանում նոր եկեղեցիների կառուցմանը ու հների վերակենդանացմանը:
Արդյունավետ գործունեության գնահատականը եղել են գիտնականի ստացած բազմաթիվ բարձրագույն պարգեւներն ու շքանշանները: Ինքը հաճախ էր շեշտում` ՙԵրբեք չպետք է պարգեւների ձգտելª աշխատանքն ինքը արժանին կհատուցի՚: Իրոք, այդպես է, Վ.Հարությունյանի մասին այսօր կան 170-ից ավելի հրատարակություններ, եւ լայն ճանաչման հետ մեկտեղ նա մի շարք հայկական եւ միջազգային գիտական կազմակերպությունների պատվավոր անդամ է, ինչպես նա եւ 30-ից ավելի մրցանակների ու շքանաշանների դափնեկիր:£Վ.Հարությունյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի պատվավոր անդամ է, Թորոս Թորամանյանի անվան հայկական ճարտարապետության բարձրագույն ակադեմիական մրցանակի առաջին դափնեկիր, Ալ. Թամանյանի եւ ՙՎասպուրական՚ հայրենակցական միության ոսկե մեդալների շքանշանակիր, Արվեստի վաստակավոր գործիչ, իսկ ամենանվիրականը` իր սիրելի Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի:
Թող սիրելի ուսուցչի, մեծ գիտնականի ու հասարակական հայրենանվեր գործչի հիշատակն անշեջ մնա, քանզի նա իր ողջ կյանքում ստեղծեց ու գովերգեց լավն ու բարին, վեհն ու գերազանցը, սերունդներին կտակեց ստեղծագործական վիթխարի ժառանգություն, որ անվերջ վերադարձի հանգրվան ու աղբյուր է լինելու:
Հիշատակն արդարոց թող հավերժ եղիցի:

ԴԱՎԻԹ ՔԵՐԹՄԵՆՋՅԱՆ
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր



Վարազդատ Հարությունյանի հուղարկավորության ծաղկեպսակների մակագրությունները
©  Բոլոր իրավունքները պաշտպանված են Created by europ INNET Web Studio